Աղբիւր՝ www.yerkir.am

 

Շուէդիայի հնագոյն թանգարանում՝ Թագաւորական զինապալատում անցկացւում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպուել են թանգարանի եւ Շուէդիայում ՀՀ դեսպանութեան համատեղ ջանքերով։

Փետրուարի 4-ին Ստոկհոլմի թագաւորանիստ պալատում տեղակայուած թանգարանում տեղի ունեցաւ «Հայ-շուէդական պատմական առնչութիւնները» խորագրով դասախօսութիւն, որին ներկայ էին Շուէդիայի թագաւորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամաւորներ, Ստոկհոլմում հաւատարմագրուած դեսպաններ, մշակութային հաստատութիւնների ղեկավարներ, մտաւորականներ եւ մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Դասախօսութեան ընթացքում ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, հայ-շուէդական յարաբերութիւնների վերաբերեալ մենագրութիւնների եւ յօդուածների հեղինակ Արծուի Բախչինեանը ներկայացրեց վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի եւ շուէդների միջեւ եղած պատմամշակութային փոխյարաբերութիւնները, տնտեսական եւ մշակութային առնչութիւնները, Շուէդիայի հասարակական-քաղաքական կեանքում ազդեցութիւն ունեցած հայազգի ազնուականների, դիւանագէտների եւ արքունի պալատականների դերը։ Արծուի Բախչինեանը նաեւ պատասխանեց ներկաների բազմաթիւ հարցերի:

Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպուած կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առեւտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրութիւնը։ Այն նուիրուած է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շուէդիայ առաջին անգամ մետաքս ներկրելու պատմութեանը։ Շուէդ միապետի յատուկ դեսպան Լիւդուիգ Ֆաբրիցիուսի ուղեկցութեամբ նրանք այցելել են Ստոկհոլմ՝ «Մետաքսէ ճանապարհի» հիւսիսային հատուածի շուրջ բանակցութիւններ վարելու նպատակով, ինչն աւարտուել է Կարլ 11-րդի հետ առեւտրական պայմանագրի ստորագրմամբ։ Դրանով հայ վաճառականներն իրաւունք են ստացել արտօնեալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շուէդիայ եւ այնուհետ՝ եւրոպական այլ երկրներ։

Ցուցահանդէսի շրջանակներում ներկայացուած է պայմանագրի բնօրինակը, վաճառականների կողմից շուէդ միապետին նուիրաբերուած եօթ ոսկեպատ թրերից մէկը, հայ վաճառականների արարողակարգային գաւազանը եւ այլ եզակի ցուցանմուշներ։ Ցուցահանդէսը ներկայացուած է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում։